ԳԱԱ գլխավոր մասնաշենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանին ընդունեցին պատմության ինստիտուտում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներն ու աջակիցները շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ երթով հասան Գիտությունների ազգային ակադեմիա:
Բայց նրանք չկարողացան մտնել ԳԱԱ շենք, քանի որ դռները փակ էին։
Միաժամանակ Բագրատ սրբազանին թույլ տվեցին մտնել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, որտեղ նրան դիմավորեց տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Բագրատ սրբազանը Մելքոնյանին հարցրեց. «Դուք պատմության ինստիտո՞ւտ եք, թե՞ իրականության»։
Աշոտ Մելքոնյանը պատասխանեց. «Մենք անաչառության ինստիտուտ ենք. առանց մեր պատմական հայրենիքի` 400 հազար քառակուսի կիլոմետրի, որևէ պատմաբան չի պատկերացնում իր մասնագիտական ունակությունների դրսևորումները»։
Ավելի ուշ Բագրատ սրբազանը միայնակ մտավ ԳԱԱ, որտեղ հանդիպեց փոխտնօրենի ու աշխատակիցների հետ։ Նա լրագրողներին չմանրամասնեց, թե ինչ են քննարկել։