ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ մասնագետը, մայիսի 10-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից:
«Լեո Նիկոլյանը զրույցի ընթացքում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների, այդ թվում՝ ոստիկանության, բժշկական ծառայության ներկայացուցիչների հետ: Պաշտպանի ներկայացուցիչները իրավասու մարմինների կողմից տեղեկացվել են, որ Լեո Նիկոլյանին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Լեո Նիկոլյանը ևս հաստատել է այդ հանգամանքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ պաշտպանի իրավասության շրջանակներում արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից:
Ըստ հաղորդագրության` խնդիրը գտնվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: