Հայ գործարարները ԵՏՄ երկրներում խնդիրներ են ունենում
Ռուսաստանում և Բելառուսում հայ գործարարները հաճախ են կանգնում օբյեկտիվ և սյուբյեկտիվ խնդիրների առջև: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, հավելելով, որ հայկական կողմն այս խնդրով արդեն դիմել է Եվրասիական տնտեսական միության հանձաժողովին:
Փոխնախարարը մանրամասնեց, որ Ռուսաստանի ու Բելառուսի կողմից ներկայացվում են լրացուցիչ պահանջներ հայ տնտեսվարող սուբյեկտներին, ինչը ԵՏՄ անդամակցությունը չի նախատեսում:
«Այդ խնդիրները թե չիմացության, թե ինֆորմացիայի պակասի հետևանք են», – ասաց փոխնախարարը:
Էմիլ Տարասյանը նաև նշեց, որ ԵՏՄ շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումները վերաբերում են արտաքին առևտրի ոլորտում երրորդ երկրներից ներմուծման և արտահանման պետական տուրքի սահմանմանը. երրորդ երկրների հետ առևտուր անելիս լիցենզիա է տրամադրվելու, որը բխում է ԵՏՄ անդամակցության պայմանագրից: