ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելիս ԱԱՀ չի գանձվի 2017 թ.-ի հունվարի 1-ից
ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարվում է ԱԱՀ, մինչև 2017 թ.-ի հունվարի 1-ը սահմանվել է անցումային ժամանակաշրջան, իսկ 2017 թ. հունվարի 1-ից արդեն ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ԱԱՀ չի վճարվի հարկային մարմնին: Այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Ինչ վերաբերում է tax free-ին, ապա նշեց, որ Հայաստանում այն կիրառվում է և շարունակվելու է կիրառվել, քանի որ ՀՀ օրենսդրությունը և ԵՏՄ օրենսդրությունը թույլ է տալիս, որ անդամ կիրառելու մասին որոշումը ինքը կայացնի:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտատարել էր, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեքենաների համար քաղաքացիներից չպետք է ավելացված արժեքի հարկ գանձվեր:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը պատասխանել էր Տատյանա Վալովայային, որ ԵՏՄ անդամակցության անցումային դրույթներով Հայաստանն իրավունք ունի ԵՏՄ երկրներից ապրանքներ ներմուծելիս ավելացված արժեքի հարկ գանձել և այդ իրավունքը պահպանելու է ու շեղում տեղի չի ունեցել: