Ինչպե՞ս են տարբերակելու ազատ մուտքի իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին
Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան հանձնարարել է Աբխազիայի արտգործնախարարության միջազգային-իրավական բաժնին իրենց բարեկամների` Մերձդնեստրի Մոլդավական և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների հետ փոխադարձ ազատ այցելությունների մասին համաձայնագրերի նախագծեր մշակել
Նման պայմանագրերի նախապատրաստման անհրաժեշտությունը ծագել է այն օրենքի ընդունումից հետո, որի համաձայն՝ Աբխազիայի անկախությունը չճանաչած պետությունների քաղաքացիները ապրիլի 1-ից զրկվում են ինքնահռչակ հանրապետություն առանց վիզայի մուտք գործելու իրավունքից:
Հայաստանը ևս չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, ուստի ապրիլի 1-ից նաև հայկական անձնագրերով Աբխազիա ազատ մուտք գործելն անհնարին կդառնա: Աբխազական արտգործնախարարության փոխանցմամբ՝ մուտքի վիզաները տրամադրվելու են ռուս-աբխազական սահմանին գտնվող «Փսոու» անցակետում:
Աբխազական իշխանությունները, այդուհանդերձ, առայժմ չեն հստակեցնում, թե ինչպես են տարբերակելու ազատ մուտքի իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, որոնք, ինչպես հայտնի է, ճանապարհորդում են Աբխազիայի անկախությունը չճանաչած Հայաստանի Հանրապետության տրամադրած անձնագրերով: