Ստամբուլում ցույցեր են. ավելի քան 42.000 ոստիկան է կենտրոնացվել
Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ, ովքեր փորձել են ճեղքել Սարաչհանե թաղամասի անվտանգության շղթան դեպի կենտրոնական Թաքսիմ հրապարակ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան, հաղորդում է NTV-ն։
Ավելի վաղ Halk TV հեռուստաալիքը հայտնել էր, որ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդու։
Ոստիկանությունը բարձրախոսներով հորդորում է ցուցարարներին չխախտել հասարակական կարգը։ Ի պատասխան՝ ամբոխից քարեր, պլաստիկ շշեր և այլ առարկաներ են նետվում իրավապահների ուղղությամբ։
Ստամբուլի իշխանություններն արգելել են Թաքսիմում արհմիությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մայիսմեկյան երթը` հրապարակը մետաղական պատնեշներով փակելով և դրա պարագծով ոստիկանական ուժեղացված ստորաբաժանումներ տեղակայելով։Ընդհանուր առմամբ արգելափակված է մոտ 70 փողոց, իսկ դեպի Թաքսիմ տանող ճանապարհները փակ են երթեւեկության համար։
Ստամբուլի անվտանգությունն ապահովելու համար ավելի քան 42 հազար ոստիկան է կենտրոնացվել։