Արթուր Բաղդասարյանն ԱԱԽ-ի իր նախկին պաշտոնում էլ չի պատկերացրել իրավիճակը
Արթուր Բաղդասարյանը խնդիրը հստակ չի պատկերացնում: Newspress.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, անդրադառնալով Բաղդասարյանի` ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցին:
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը այդ հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի համար ներքաշվել Թուրքիայի դեմ պատերազմի և ՆԱՏՕ հետ հակադրության:
Ըստ Մանասյանի` Բաղդասարյանին են հայտնի, թե ինչ ենթատեքս կամ նպատակ ունի իր հայտարարությունը, սակայն նա պետք է միջազգային հարաբերությունների իրադրությունը լավ իմանա, որ այդպիսի հայտարարություն չանի:
«Ազգային անվտանգության նախկին պատասխանատուներից մեկի այսօրվա այդպիսի հայտարարությունը վկայում է, որ ինքը թերևս իր նախկին պոստում էլ խնդիրն ամենայն խորությամբ չի պատկերացրել»,-ասաց Մանասյանը:
Ըստ քաղաքագետի` Ռուսաստանն իհարկե դեմ չէր լինի ներքաշել Հայաստանին իր ռազմական գործողություններում, սակայն մենք մեր ազգային անվտանգության խնդիրներն ունենք և չենք կարող հայտարարել, թե ինչ ենք անելու, երբ լինեն սրացումներ:
«Մեզ իրավիճակային լուծումներ են անհրաժեշտ լինելու և ոչ թե կանխավ հայտարարվող»,-եզրափակեց Ալեքսանդր Մանասյանը: