ՍԱՊԾ կասկածելի լռությունը և ռուսական սև ցուցակում հայտնված «Դանոն» յոգուրտը
«Ռոսկանտրոլ» ընկերության կատարած լաբորատոր հետազոտությունների արդյունքում մի քանի սննդամթերք հայտնվել է սև ցուցակում: Այդ թվում Հայաստանում լայնորեն հայտնի և գովազդվող «Դանոն» յոգուրտը:
Հերթական անգամ թիրախավորվում է Սննդի անվտանգության պետական ծառայությունը, քանի որ սննդամթերք վերջին անգամ երբ է ստուգվել, պարզապես ստուգելու համար, երևի կառույցում չեն էլ հիշում:
Իսկ թե ինչու «Դանոն» չի ստուգվում, կամ թույլատրվում է գովազդը, այս խնդիրը Սննդի անվտանգության պետական ծառայության դաշտում է: Եթե«Ռոսկանտրոլ»-ը նման ստուգումներ չաներ, ո՞վ էր իմանալու, թե ինչ բաղադրություն ունի տվյալ դեպքում «Դանոն» յոգուրտը: «Դանոն»-ը պարունակում է բազմաթիվ սննդային հավելումներ, օգտակար բակտերիաները 100 անգամ ավելի քիչ են, քան նշված է տուփի վրա:
«Valio», «BioMax» արտադրության յոգուրտները նույնպես սև ցուցակում են, որոնք ևս լայնորեն կիրառվում են Հայաստանում:
Հայաստանում արտադրվող կամ ներկրվող սննդամթերքը հազվադեպ է անցնում ստուգման փուլը, այն էլ եթե որևէ սպառող որևէ սննդամթերքի մեջ ինչ-որ կասկածելի կամ ողջ արարած է գտնում, եթե օրինակ, սպառողի բախտը չբերի և ողջ կենդանուն կամ իրը չգտնի, ապա ՍԱՊԾ-ն այստեղ կշահի. ոչ կիմանան, ոչ կլսեն: Իսկ այն, որ տուփի վրա այլ տեղեկություն է և չի համապատասխանում իրականությանը, ՍԱՊԾ-ն նման հաղորդագրություն երբևէ չի ունեցել:
Սննդամթերքի ստուգումների արդյունքները ռուսական կողմինն են, իսկ հայկական կողմը երբ կամ ինչպես պետք է ստուգի ոչ միայն ներկրվող սննդամթերքը, որը նաև պահպանման կասկածելի մեծ ժամանակահատված ունի, պատասխան չկա. ինչ սննդամթերք ներկրվում է, այն էլ միանշանակորեն իրացվում է:
Նշենք, որ վերջին տարիներին խոսվում է Հայաստանում հիվանդացության մակարդակի աճի և ոչ վստահելի սննդի միջև կապի մասին, իսկ թե կոնկրետ ո՞վ է պատասխանատու կասկածելի սննդի համար, կամ ո՞վ պետք է ստուգի սննդամթերքի որակը. այս հարցը դեռևս պատասխան չունի:
ՍԱՊԾ-ն սննդամթերքի ստուգումների առումով պասիվ քաղաքականություն է վարում և տպավորություն է, որ պաշտպանում է ոչ թե սպառողների, այլ սեփական շահերը: