Նոր օմբուդսմենը ոգևորված է, որ իրեն վստահել են
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ոգևորված է, որ իրեն խորհրդարանում այդքան վստահել են, և 96 կողմ ձայն է եղել: Նա չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, թե կողմ քվեարկողներից շատերը նրա անուն, ազգանունը չգիտեին:
Լրագրողների հարցադրմանը, թե կոնկրետ ո՞ր ոլորտներում կան խնդիրներ, որոնք ուշադրության են արժանի, Արման Թաթոյանը պատասխանեց. «Խնդրում եմ ինձ ժամանակ տվեք, պետք է ուսումնասիրություններ անեմ»:
Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք իշխանություններին տհաճություն պատճառել, օմբուդսմենը ասաց, որ այդպիսի որակումներ չի անի, բայց խնդիրները վեր է հանելու: Նա նաև մատնանշեց, որ գրեթե բոլոր ոլորտներում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան և կոնկրետ ոչ մի ոլորտ չի առանձնացնում:
Արման Թաթոյանը նկատեց, որ շարունակելու է քննել նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ուղղված դիմում-նամակները:
Հարկ է նկատել, որ նորընտիր օմբուդսմենը սկզբում չէր ցանկանում կանգնել և զրուցել լրագրողների հետ, սակայն լրագրողները պահանջել են, որ նա կանգնի և լիարժեք պատասխաններ տա իրենց հարցերին: