Շուրջ մեկ տարվա ընթացքում առաջին անգամ գրանցվել է արտահանման աճ
Արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար ամսին կազմել է 242.4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 13.8 տոկոսով: Արտահանումը կազմել է 89.2 մլն դոլար, կազմելով 105.6%, իսկ ներմուծումը` 153.2 մլն դոլար, կազմելով 77.8%: Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հատկանշական է, որ, չնայած ձևավորված անբարենպաստ արտաքին միջավայրի, առաջին անգամ շուրջ մեկ տարվա ընթացքում գրանցվել է արտահանման աճ: Որպես համեմատություն` 2015թ. հունվար ամսին նախորդ տարվա նկատմամբ արտահանման ծավալները նվազել էին 11.9 տոկոսով, իսկ 2014թ. հունվարին 2013թ. նկատմամբ ցուցանիշը մնացել էր անփոփոխ: Նշվում է, որ միաժամանակ ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության և ներմուծման ծավալների նվազմանը, ապա դրանք հիմնականում պայմանավորված են համաշխարհային շուկայում գների անկմամբ և տրանսֆերտների նվազմամբ պայմանավորված առևտրի ծավալների կրճատմամբ: Արդյունքում բարելավվել է նաև առևտրային հաշվեկշիռը: