Իրանն ԱՄՆ-ին հավաստիացրել է, որ պատասխանելու է Իսրայելին
Թեհրանը Վաշինգտոնին խոստացել է հապճեպ չգործել և խուսափել մեծ պատերազմից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ Իրանն այս ուղերձն ԱՄՆ-ին է փոխանցել Օմանի միջոցով, ուր կիրակի այցելել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ Օմանը հաճախ միջնորդի դեր է կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև, նշում է գործակալությունը։
Սպիտակ տան խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս հարցի վերաբերյալ որևէ հաղորդագրություն, սակայն ասել է, որ Միացյալ Նահանգները Իրանին հայտնել են, որ ներգրավված չէ դեսպանատան հարվածներին:
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանության համար հասանելի չի եղել, գրում է գործակալությունը։
ԱՄՆ հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ ինքը տեղյակ չէ Օման ուղարկված հաղորդագրության մասին, սակայն Իրանը շատ հստակ ասել է, որ պատասխանը չի հանգեցնի մեծ էսկալացիայի։
Գործակալությունը մատնանշում է Իրանի զգուշավոր մոտեցումը, քանի որ Թեհրանը դիտարկում է, թե ինչպես արձագանքել ապրիլի 1-ի հարձակմանն այնպես, որ հետ պահի Իսրայելին հետագա նմանատիպ գործողություններից և խուսափի ռազմական էսկալացիայից։