Հավանաբար, վերդիկտը կհրապարակի վաղը. Ռուբեն Մելիքյան
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու և ավարտվելու են վաղը՝ ապրիլի 11-ին։ Հավանաբար, վերդիկտը կհրապարակի նույնպես վաղը։ Դատական նիստը տեղի կունենա ժամը 17:00-ին՝ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստն ընդհատվեց Մալյանի վերջին խոսքի ընթացքում, երբ դատարանն անսպասելիորեն հայտարարեց, որ դատալսումները կշարունակվեն դռնփակ ռեժիմով։ Մալյանը գրավոր հրաժարվեց դռնփակ նիստին մասնակցելուց, իսկ դատարանը դռնփակ նիստում որոշեց վերադառնալ դռնբաց ռեժիմի։
Այսպիսով, վաղվա նիստը լինելու է ԴՌՆԲԱՑ, այսինքն՝ մուտքն ազատ է լինելու թե՛ լրատվամիջոցների և թե՛ քաղաքացիների համար (բացառությամբ՝ դատարանի գնահատմամբ «դատական նիստի կարգը խախտած» քաղաքացիների)։
Հիշեցնեմ նաև, որ Մալյանն անազատության մեջ է 2023թ. սեպտեմբերի 20-ից։ Արդեն շուրջ 7 ամիս»։