Վերադարձի իրավունքը շատ ավելի լայն է, քան պարզապես սեփական իրավունքը, վերադարձի իրավունքն իր գույքային մասով ենթակա է կոմպենսացիայի. իրավապաշտպանը` արցախցիների մասին
Արցախցիների վերադարձը կարևոր է նաև գույքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բայց պետք չէ նույնացնել սեփականության իրավունքից օգտվելը և տնօրինելը վերադարձի իրավունքի հետ: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Որովհետև անգամ առանց գույքային իրավունք ունենալու, այնտեղ ապրող բնիկ արցախցին իրավունք ունի վերադառնալ իր բնակավայր և շարունակել ապրել իր բնակավայրում` իր ինքնությանը համահունչ և նաև հավաքական առումով իրացնել ինքնորոշման իրավունք:
Ուստի վերադարձի իրավունքը շատ ավելի լայն է, քան պարզապես սեփական իրավունքից օգտվելը, տիրապետելը, տնօրինելը: Վերադարձի իրավունքն իր գույքային մասով ենթակա է կոմպենսացիայի, բայց միջազգային սկզբունքները պահանջում են նախկին դրության վերականգնում հենց իրական վիճակով, այսինքն` մենք առաջնայնորեն ունենք վերադարձի իրավունք և եթե լինի օբյեկտիվ անհնարինություն, որը կապված չէ Ադրբեջանի գործողությունների հետ, նոր կարող ենք խոսել վերադարձի իրավունքի դիմաց կոմպենսացիայի մասին»,- ասաց Սահակյանը: