ԼՂ նախկին ղեկավարների հետ բեմադրված հարցազրույցները Ժնևյան կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումներ են. հայտարարություն
Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների հետ բեմադրված հարցազրույցները Ժնևյան կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումներ են: Այս մասին հայտարարել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը։
ՀՀ նախկին ԱԳ ղեկավար Վարդան Օսկանյանի ստեղծած կառույցն այսպես է բնութագրել Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի Ադրբեջանի պետական ալիքին տված հարցազրույցի անոնսի հրապարակումը։ Հայտնի է նաև, որ հրապարակման է պատրաստվում հարցազրույց ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։
Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածն արգելում է ռազմագերիներին ենթարկվել հանրային հետաքրքրասիրության: Ռազմագերիներին պատկերող տեսանյութերի հրապարակային հեռարձակումը նրանց անձնական կյանքի և արժանապատվության անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտում է և ավելի է խորացնում նրանց առանց այն էլ ծանր վիճակը:
Կոչ ենք անում պետական գործիչներին և իրավապաշտպան կազմակերպություններին ուղղակի միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետագայում հեռարձակել ռազմագերիների և պատանդների հետ տեսանյութեր կամ հարցազրույցներ: