Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ. Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է, որ նկատմամբ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ:
Այս համոզմունքն ամրապնդվում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ քննարկումից հետո այն մասին, որ ձերբակալումը տեղի է ունեցել նրա բնակության վայրի մոտ` գտնվող ավտոկայանատեղի գնալիս:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ Նարեկ Սամսոնյանին թույլ չի տրվել օգտվել զանգի իրավունքից: Փաստաբանն ինքն է փնտրել ու գտել նրա գտնվելու վայրը:
Բացի դրանից, ըստ Նարեկ Սամսոնյանի փաստաբանի` ինքը չի մասնակցել վարույթային գործողության, այն է՝ Նարեկ Սամսոնյանի անձնական խուզարկությանը մասնակցելու հնարավորություն չի ունեցել:
Նշվածները միջազգայնորեն երաշխավորված կարևորագույն այնպիսի իրավունքներ են, որոնք կոչված են ապահովելու մարդու պաշտպանությունը վատ վերաբերմունքից կամ անօրինական հետապնդումից քրեական վարույթի սկզբնական` իրավունքների տեսանկյունից մեծ ռիսկային փուլում»: