Ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան, մետրո ու տրամվայի հատուկ գծեր․ ԿԳՄՍ նախարար
Մինչև հունիս պատրաստ կլինի ակադեմիական քաղաքի ամբողջությամբ մշակված գլխավոր հատակագիծը։ Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ քաղաքը կունենա երկաթուղային կայարան, մետրո ու տրամվայի հատուկ գծեր։
«Մի քանի եղանակներով է ապահովվելու տրանսպորտը` երկաթուղի, մետրո։ Տրամվայ է պլանավորվում նաև։ Գիտեք` Ակադեմիական քաղաքի մոտով է անցնում Հյուսիս–հարավ մայրուղին, նաև բավականին զարգացած ճանապարհային ցանց կա, այդ ճանապարհների նախագիծն առանձին նախագիծ է, որն այժմ քննարկվում է ու նաև նախնական ներկայացվել է կառավարությանը»,- ասաց Անդրեասյանը։
Նա տեղեկացրեց, որ մինչև հունիս պատրաստ կլինի ակադեմիական քաղաքի` ամբողջությամբ մշակված գլխավոր հատակագիծը։ Իսկ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ։
«Երկաթուղին ուզում ենք դարձնել Ակադեմիական քաղաքի հիմնական տրանսպորտային հանգույցը, որը կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից ու կգնա դեպի Ակադեմիական քաղաք»,- ասաց նա։