Ջերմուկի ճանապարհներին աշխատանքները շարունակվում են․ երթևեկությունը բացվել է մասամբ
Այսօր՝ մարտի 21-ին, վաղ առավոտից Ջերմուկ քաղաքի ճանապարհներին հսկայական աշխատանքներ են կատարվել և շարունակում են կատարվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի M2-ից դեպի Ջերմուկ տանող հատվածում ժայռաբեկորների ու քարաթափման հետևանքով 1 օրից ավելի փակված ճանապարհը բացելու ուղղությամբ։ Գրում է Shamshyan-ը։
Ճանապարհաշինարարները անգամ անձրևի տակ չեն դադարեցնում իրենց աշխատանքը, ինչի շնորհիվ այս պահին ճանապարհը միակողմանի բացվել է և երթևեկությունը շարունակվում է։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ մարտի 20-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վայոց ձորի մարզում: Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհին՝ դեպի Ջերմուկ՝ հսկայական ժայռաբեկորների ու քարերի թափման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ դարձել էր անանցանելի:
Ճանապարհը բացելու համար պետք է օգտագործվեր հատուկ տեխնիկա:
«Նշված հատվածում հաճախակի են լինում քարաթափման դեպքեր»,- գրում է աղբյուրը։