Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է
Այս տարի Հյուսիսային կիսագնդում գարնանային կամ մարտյան գիշերահավասարի օրը մարտի 20-ին է, Երևանի ժամանակով 07:07-ին (03:07 GMT): Այսօր Արևը հատելու է հասարակածը՝ անցնելով Հարավային կիսագնդից դեպի հյուսիսային կիսագունդ:
Աստղագիտության մեջ գարնանային գիշերահավասարը նշում է գարնան առաջին օրը, երբ ցերեկվա և գիշերվա տևողությունը գրեթե նույնն է, բայց գիշերային ժամերը դեռ մի փոքր ավելի երկար են: Եվ արդեն գարնանային գիշերահավասարից հետո ցերեկային լույսի տևողությունը մեծանում է, ամեն օր օդի ջերմաստիճանը ավելի ու ավելի է բարձրանում, բույսերը սկսում են ծաղկել... Մի խոսքով, ի հայտ են գալիս տարվա եղանակի փոփոխության ակնհայտ նշանները:
Ի՞նչ է գարնանային գիշերահավասարը
Գարնանային, ինչպես նաև աշնանային գիշերահավասարը այն պահն է, երբ երկրի կիսագնդերից ոչ մեկը թեքված չէ դեպի Արևը: Արևը գտնվում է հասարակածի վերևում, և երկու կիսագնդերն էլ ստանում են գրեթե հավասար քանակությամբ արևի լույս: Գարնանային գիշերահավասարից հետո համապատասխան կիսագունդը (Հյուսիսայինը՝ մարտին, իսկ հարավայինը՝ սեպտեմբերին) ավելի մոտ է թեքվում Արևին, ինչը հանգեցնում է ցերեկային ժամերի ավելացման, ավելի վաղ արևածագերի և ավելի ուշ մայրամուտների։
Ամեն տարի գարնանային գիշերահավասարի ամսաթիվը փոխվում է, այն սովորաբար ընկնում է մարտի 19-ից 21-ը ընկած ժամանակահատվածում: Այս տարի մարտի 20-ին արևը կգտնվի Ձկներ համաստեղությունում։ Գարնանային գիշերահավասարի օրվանից այն կբարձրանա հյուսիս-արևելքում, իսկ մայր կմտնի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսային կիսագնդում ցերեկային ժամերը կսկսեն երկարել, իսկ գիշերը՝ կարճանալ։