Եթե մենք լսել ենք, որ էն սարը ձյունոտ ա ու մեզ պետք չի, գուցե մի օր էլ լսենք, որ Սևանը «ծաղկածա» ու մեզ պետք չի․ Աննա Մկրտչյան
«Պետք չէ սին հույսեր տածել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանձնելու։ Նիկոլ Փաշինյանը տալու է այնքան հող ու հայրենիք, որքան պետք լինի իր աթոռը պահելու համար»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Նրա համար հայրենիքի գաղափար գոյություն չունի, եթե մենք լսել ենք, որ էն սարը ձյունոտ ա ու մեզ պետք չի, գուցե մի օր էլ լսենք, որ Սևանը «ծաղկած ա» ու մեզ պետք չի։ Կամ Երևանը երեկ տեսա՞ք, ամբողջը հորդառատ անձրևի տակ էր մնացել, բա պե՞տք է մեզ էս Երևանը։ Պետք է ժամանակ չտալ Նիկոլ Փաշինյանին, ամեն օր մի քայլ անել, որը պետք է բերի նրա հեռացմանը։ Եթե հարցնեք՝ ե՞րբ է այդ հեռացումը լինելու, ես էլ այդ հարցն ունեմ, վայրկյան առաջ ուզում եմ, որ այդ հարցը լուծվի»,- նշեց Աննա Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը մի օր չի արթնանալու ու հասկանա, որ ինքը «հանցագործ ու դավաճան» է։
«Այն փաստը, որ ինքը ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները որևէ կերպ չի կատարում դիտավորությամբ, դա ակնհայտ է ու ինքը դրա մասին շատ լավ գիտի: Պատասխանատվության չենթարկվելու միակ եղանակը իր համար ՀՀ-ի չգոյությունն է: Եթե չկա Սահմանադրություն, չկա իրավական համակարգ, չկան պետական մարմիններ, որոնք պիտի պատասխանատվության ենթարկեն, ո՞վ պիտի պատժի, կարո՞ղ է Թուրքիան ու Ադրբեջանը պետք է Նիկոլին տանեն պատժեն: Նիկոլի համար հայրենիքի գաղափարը չկա, կլինի դա Ոսկեպարը, վաղը կլինի Սևանը, անվանարկելու համար որևէ խոչընդոտ չի լինի: