Մեքենան բացել ու գողացել են 24news.am-ի տնօրենի համակարգիչը
Բանուկ փողոցում բացել են մեքենաս ու գողացել համակարգիչս: Երևանի կենտրոնում, առանց վնասելու մեքենան: Այս մասին երեկ ուշ երեկոյան գրել է 24news.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանը:
Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է արել` մանրամասնելով դեպքը:
«Դեպքի մասին: Մեքենաս կայանված է եղել Սարյան փողոցում՝ Նոր Հալեպ ռեստորանի դիմաց ժամը 19:00-ից մինչև 21:00, հետո՝ 21:15-ից մինչև 23:00 Տերյան փողոց՝ Նիկոլ Աղբալյան դպրոցի մոտ: Սարյանում երբ կայանել եմ, համակարգիչս իր պայուսակով եղել է մեքենայի մեջ: Այսինքն, տարել են այս ընթացքում, դուռը բացել են առանց մեքենան վնասելու: Իսկ դա հնարավոր է, եթե որսում են մեքենայի բանալիի հաճախականությունը: Մեքենայից որևիցե այլ բան չեն տարել: Հիմա ոստիկանությունում հաղորդում եմ տալիս, բայց առնվազն տարօրինակ է, որ Կենտրոնում՝ այսքան կամերաների առկայության դեպքում, նման բան է տեղի ունենում: Հետևությունները հստակ են, իմ կարծիքով պատահական չի այս ամենը:
Մնացյալը՝ տեսնենք»,- գրել է Գալստյանը: