Մոտ 3 ամիս որոնվող 60-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է Ջրառատի ձորակում
2023 թվականի դեկտեմբերի 7-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է որպես անհայտ որոնվող Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա տղամարդու դին։
Այս մասին տեղեկացնում է shamshyan. com-ը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասի «սպանություն» հատկանիշներով։
Երեկ՝ մարտի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական շրջանի Ջրառատ բնակավայրում, երկաթգծին մոտ ձորակում դի կա։
Պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու նեխած դի երկաթգծին հարակից դաշտամիջյան վայրում՝ ձորակում։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը որպես անհայտ որոնվող 60-ամյա տղամարդն էր։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։