Ցավ եմ ապրում՝ հանրությունը մեծ ակտիվությամբ քննարկում է կոնսերվատորիայի տեղափոխման հետ կապված հարցերը, բայց քար անտարբերություն՝ նման սարսափելի դեպքերի նկատմամբ․ Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Երևանում, օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ հարձակվում են 17-18 տարեկան տղայի վրա և սպանում։ Սպանում են մտածված, սպանում են ծրագրավորված։
Պահանջում եմ շատ արագ գտնել և պատժել սպանության բոլոր մասնակիցներին։
Մեծագույն ցավ է ինձ համար, որ այդպես էլ չենք հասկանում, որ երկրում թևածող չարի մթնոլորտը, ամենաթողության մթնոլորտը ծանր հետևանքների է հանգեցնում և հանգեցնելու։
Ցավ եմ ապրում, որ հանրությունը, մասնավորապես սոցիալական ցանցերը անհամեմատ ավելի մեծ ակտիվությամբ քննարկում է ֆ-վ- ի ուղղագրության, կոնսերվատորիայի տեղափոխման-չտեղափոխման հետ կապված հարցերը, բայց քար անտարբերություն է ցուցաբերում նման սարսափելի դեպքերի նկատմամբ։
Մենք պետք է արագ սթափվենք և ազատվենք չարությունից ու չարքերից»։