Տրանսպորտի ինչ սակագներ է առաջարկում ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը. թվեր
Մենք հստակ հաստատում ենք, որ դեմ ենք տրանսպորի թանկացումներին: Գտնում ենք, որ տրանսպորտի գինը չպետք է փոխվի և պետք է ներդրվի միասնական տոմսային համակարգ: Այս մասին «Տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ու հետևանքները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
«Պետք է թոշակառուներին և 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամներին հնարավորություն տալ, որպեսզի իրենք անվճար օգտվեն տրանսպորտից և հնարավորություն տալ քաղաքացուն ընտրություն կատարել: Օրինակ` եթե քաղաքացին 1 կամ 2 անգամ է օգտվում քաղաքային տրանսպորտից, ինքը վճարում է 50 կամ 100 դրամը և իր ծառայությունը ստանում է: Եթե քաղաքացին 4 և ավելի անգամ է օգտվում օրվա մեջ, ապա «Մայր Հայաստանի» նախագծով, մենք առաջարկում ենք քարտային համակարգ: Այդ քարտը մեկ օրվա համար կարժենա 400 դրամ ակտիվացման պահից սկսած: 24 ժամվա ընթացքում քաղաքացին կօգտվի տրանսպորտից 4 և ավելի անգամ, այդ դեպքում նույնիսկ գինը կարող է իջնել: 7 օրվա համար մենք առաջարկում ենք ակտիվացման պահից սկսած անսահմանափակ օգտվել 2000 դրամով, 30 օրվա համար առաջարկում ենք օգտվել 5500 դրամով` տրանսպորտային բոլոր միջոցներից և անսահմանափակ: 180 օրվա համար` 20 հազար դրամ` նույն պայմաններով և մեկ տարվա համար` 35 հազար դրամ»,- ասաց Թևանյանը:
Նա նշեց, որ ուսումնասիրություն և համեմատություն են արել Թբիլիսիի գների հետ և մի փոքր ավելի ցածր գներ են առաջարկել: