Վարորդների և մեքենա ունեցողների համար. ՔՊ-ական պատգամավորներն օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել
Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ձեր հայեցողությամբ մինչև դեկտեմբերի 1-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա հիշեցրել է, որ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
«Սակայն, միևնույն ժամանակ, օրենսգրքով սահմանված մեկ այլ դրույթ ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Այսինքն, եթե դուք մեքենան տեխզննման եք տանում, օրինակ, հունվարին կամ փետրվարին և գուքահարկի գծով նախորդ տարիներից պարտք չունեք, միևնույն է՝ ստիպված եք լինում վճարել այդ տարվա ամբողջ գույքահարկը»,- գրել է պատգամավորը։