Ռուսաստանը Հայաստանին տասը տարի մարման ժամկետով 200 մլն դոլարի վարկ է տրամադրել
Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է 200 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ, որը տասը տարով է, մարումը 2018 թվականից: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի իրավական իրազեկման պետական կայքը: Համաձայնագիրը կնքել են երկու երկրների կառավարությունները:
Վարկը հատկացվել է ռազմական նշանակության ռուսական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Պայմանագրի հավելվածով նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի «Սմերչ» կայանքներ եւ դրա համար նախատեսված զինամթերք, «Իգլա-Ս» զենիթա-հրթիռային համալիրներ, ռադիոհետախուզության «Ավտոբազա-Մ» համալիրներ, հրանետման ՏՕՍ-1Ա ծանր համակարգեր, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Վագր» զրահամեքենաներ, կապի եւ ինժեներական միջոցներ: