Նախագծերի փաթեթն Ազգային ժողովում ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Փոփոխություններով նախատեսվում է․

քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցի կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու (երկրորդ գիծ կանգնեցնելու) դեպքում գործող 0,5 տուգանային միավորը կնվազի՝ դառնալով 0,25 տուգանային միավոր։

Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում քաղաքացիների համար վճարման ենթակա տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսի չափով (փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024 թ. մայիսի 1-ից):

Անկախ էլեկտրոնային ծանուցումից, համապատասխան որոշումը քաղաքացուն հանձնվելու (ծանուցվելու) օրվանից 15-օրյա ժամկետում քաղաքացու կողմից տուգանքը վճարելու դեպքում նախատեսվել է տուգանքի գումարը 30%-ով պակաս վճարելու հնարավորություն (փոփոխությունն ուժի մեջ կմտնի օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը)։

Մինչ օրենքն ուժի մեջ մտնելը կատարված իրավախախտումների մասով ևս նախատեսված է համահարթեցման որոշակի կառուցակարգ. քաղաքացու կողմից տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում (որոշումը հարկադիր կատարման փուլում գտնվելու դեպքում՝ նաև կատարողական ծախսը) այն կհամարվի ամբողջությամբ կատարված (փոփոխությունը կկիրառվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում)։

Ապակիների լուսաթափանցելիության չափերի խախտման դեպքում, եթե արարքը 1 տարվա ընթացքում կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, ապա նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով և տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024թ․ հուլիսի 1-ից։

Վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության դեմ ներկայացվող հայցադիմումների քննությունը՝ անկախ ներկայացված հայցատեսակից, կիրականացվի գրավոր ընթացակարգով (փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024թ․ հուլիսի 1-ից)։
Արփինե Սարգսյանը նշել է.
«Ցանկանում եմ հորդորել մեր բոլոր քաղաքացիներին՝ այս օրենսդրական փաթեթն օգտագործել բառի և նախագծի տրամաբանության ամենադրական իմաստով և չբերել պրակտիկայում հնարավոր բացասական հետևանքների և ճանապարհային երթևեկության կանոնների էական խախտումների»։