Որքան մեծ է ծառայության ռիսկայնությունն ու որակավորումը, այնքան վարձատրությունը պետք է բարձր լինի. Բրուտյան
ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Այն ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը։
Նա նշեց, որ բարձրագույն սպայական կազմի անդամները կստանան 1 մլն 75 հազար դրամ, եթե ատեստավորումը հանձնի գերազանց։
Բրուտյանի խոսքով` ՀՀ զինված ուժերում վարձատրությունը դեռ հիմնված չէ միասնական քաղաքականության վրա։ Նա նաև նշեց, որ յուրաքանչյուրի ծառայության արդյունքները պետք է լինեն չափելի, ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն։ Այլ կերպ ասած` որքան մեծ է ծառայության ռիսկայնությունը, ինչպես նաև որակավորումը, այնքան վարձատրությունը պետք է բարձր լինի։
«Այդ նպատակով պետք է վերանայվեն հաստիքները, որոնք տարանջատվում են զինվորականի և ոչ զինվորականի։ Ոչ զինվորական հաստիքների մեջ մտնում են քաղաքացիական ծառայողները և աշխատանք կատարողները։ Նրանք պետք է ստանան մրցակցային, մասնավոր հատվածի միջինից բարձր աշխատավարձ, որպեսզի հնարավոր լինի երկրում առկա որակյալ աշխատուժը ներգրավել ՀՀ ԶՈւ»,– հայտարարեց նա։