Մեկ միլիարդ` Դիլիջանի դպրոցին ու «Հրազդան Ցեմենտ»-ին, 928 մլն դրամ` 33 սահմանամերձ համայնքի
Սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել էր 928 մլն 871 հազ. դրամ: Պետական աջակցություն է ցուցաբերվել բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար:
Սահմանամերձ համայնքներ կան Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց ձորի (թվով 5) և Տավուշի մարզերում (թվով 24): Ընդհանուր առմամբ, 33 սահմանամերձ համայնք է ներառված աջակցության ծրագրում:
Բոլորովին վերջերս կառավարությունն ուղիղ այս գումարի կեսով` շուրջ 510 մլն դրամով, տույժից ազատեց «Հրազդան Ցեմենտ» ընկերությանը:
Գործարանի հաշվիներն արգելափակված են, ընդհանուր պարտքն էլ կազմում է մոտ 1 մլրդ դրամ, «ՎՏԲ Հայաստան» բանկում էլ գրավադրված է նաև գույքը:
Պարզվում է, որ նման իրավիճակի համար ոչ «Հրազդան Ցեմենտ»-ը, ոչ էլ մեկ ուրիշը մեղավոր չէ, այլ անտեսանելի թշնամին` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Իսկ, որ 510 մլն դրամ էր մտնելու ՀՀ բյուջե, որն էլ ուղղվելու էր համանման ծրագրերին` մասնավորապես սահմանամերձ համայնքներին, ուղղակի ետ նվիրվեց «Հրազդան Ցեմենտ»-ին:
Գործադիրը, միայն իրեն հայտնի տրամաբանությամբ, կարող է 508 մլն դրամ հատկացնել Դիլիջանի դպրոցի կառուցմանը, 510 մլն դրամ տույժ ու տուգանքից ազատել «Հրազդան Ցեմենտ»-ին, իսկ, սահմանամերձ 33 համայնքի համար հատկացնել ավելի պակաս, քան այս երկու հատկացումը միասին: Այսպես թվարկելու դեպքում ավելի հստակ կլինի, թե երկրի սահման պահող հատվածը իրականում որերորդ տեղում է գտնվում կառավարության որոշումների ցուցակում: