Դրամահավաքը և դպրոցներում լրացուցիչ պարապելը օրինականացված է
«Պետք է այս գեղեցիկ երևույթը չգռեհկացնել, ոչ կամավոր, պարտադիր բան չսարքել, Մայրության տոնի ժամանակ պետք է յուրաքանչյուր ծնող ինքը որոշի՝ ուզում է շնորհավորել ուսուցչուհուն որպես մայր, թե ոչ, դա պետք է լինի շատ անհատական ու շատ համեստ »,- Անդրադարձ մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա ասաց, որ որպես կանոն մարտի 8-ին ընդառաջ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաք է սկսվում, բայց այս տարի առայժմ որևէ բողոք չի ստացել:
Անահիտ Բախշյանին մտահոգում է առհասարակ դրամահավաքը: Ըստ նրա՝ «Օգնիր դպրոցին», «Օգնիր մանկապարտեզին» ասելով, արդեն իսկ դրամահավաքը օրինականացված է: Եվ պաշտոնյանները պետք է հստակեցնեն` դրամահավաք ասելով ինչ են հասկանում
Բաշխյանը նաև անդրադարձավ դպրոցներում գումարով իրականացվող լրացուցիչ պարապելու խնդրին: Ըստ նրա՝ սա էլ է օրինականացված. «Դպրոցը լրացուցիչ վճարովի ծառայություն իրականացնելու իրավունք ունի: Օրինակ, երբ ծնողը դիմում է տնօրենին, անգլերեն կամ ռուսերեն լեզվի լրացուցիչ դասաժամեր պարապելու համար: Դա օրինական է համարվում այն ժամանակ, երբ կնքվում է պայմանագիր»: