ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ որոշ շրջաններում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան, Բերդ, Ջերմուկ, Վանաձոր քաղաքներում, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Չարենցավանի, Ծաղկաձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն։