Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների հերթական փուլը
Բրյուսելում երեկ կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, բանակցությունների առաջին մասը նվիրված էր քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների ոլորտներում համագործակցության հարցերին։
Այս, ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած ապագա համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերին նվիրված բանակցությունների արդյունքներն ամփոփվել են նույն օրվա վերջում կայացած լիագումար նիստում, որի ընթացքում երկուստեք արձանագրվել է գրանցված առաջընթացը և նախանշվել ապագա քննարկումների շրջանակը ու ժամանակացույցը։
Կողմերը կարևորել են համաձայնագրի նախագծի շուրջ տարբեր ուղղություններով բանակցային թիմերի միջև աշխատանքների համակարգումն ու ներդաշնակեցման անհրաժեշտությունը։