Էրդողանը չի մեկնել Ադրբեջան և Անվտանգության Խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել
Թուրքիայի նախագահն ու վարչապետը հետաձգել են ուղևորությունները,- ինչի մասին տեղեկացնում է demokrathaber.net կայքը:
Երեկ երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բանակի Գլխավոր Շտաբի շենքի դիմաց տեղի ունեցած պայթյունի պատճառով նախագահ Էրդողանը չեղյալ է հայտարարել հունվարի 19-ին Ադրբեջան նախատեսված այցը: Ըստ նախատեսվածի` Բաքվում Էրդողանի և Ալիևի գլխավորությամբ պետք է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ տեղի ունենային: Այդ նպատակով երեկ Վրաստանից Ադրբեջան էր մեկնել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս չեղյալ է հայտարարել իր այցը: Երեկ երեկոյան նախատեսված էր Դավութօղլուի այցը Բրյուսել, որտեղ նա պետք է մասնակցեր Սիրիայի հարցով քննարկումներին:
Նախատեսված այցերը չեղյալ հայտարարելով` նախագահ Էրդողանն այսօր անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել: