Ալեքսեյ Նավալնիի մորը չեն թողել մտնել դիահերձարան
Այսօր վաղ առավոտյան դիահերձարան են ժամանել մի քանի օր առաջ մահացած ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մայրն ու փաստաբանները, որոնց ներս չեն թողել։ Այս մասին հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
«Վաղ առավոտյան Ալեքսեյի մայրը և փաստաբանները եկան դիահերձարան։ Նրանց ներս չեն թողնում։ Փաստաբաններից մեկին բառացիորեն դուրս են հրել: Հարցին, թե արդյոք Ալեքսեյի դին կա, աշխատակիցները չեն պատասխանում»,- ասել է նա։
Յարմիշի տվյալներով՝ Քննչական կոմիտեն մորն ու փաստաբաններին հայտնել է, որ Նավալնիի մահվան հետաքննությունը երկարացվել է։ Թե դեռ որքան է նա մնալու, հայտնի չէ: Մահվան պատճառը դեռ պարզված չէ: