Երևանում դшժшն ծեծի է ենթարկվել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավարը
Փետրվարի 12-ին Երևանում դաժան ծեծի է ենթարկվել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավար Ռաֆայել Այվազյանը։ Irakanum.am-ի հավաստի տեղեկություններով, ժամը 12:00-ի սահմաններում Մասիվիում՝ «Մերսեդեսի խաչմերուկ» կոչվող հատվածում, երբ Այվազյանն իրեն պատկանող մեքենայով երթևեկելիս է եղել, նրա մեքենային հետևից հարվածել են։
Երբ իջել է մեքենայից և հարվածող մեքենայի վարորդի հետ սկսել են զրուցել, այդ պահին երեք դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա ու ծեծի ենթարկել, որից հետո դիմել են փախուստի։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն` Ռաֆայել Այվազյանը չի էլ հասցրել տեսնել, թե ովքեր են իր վրա հարձակված անձինք։ Կան տեղեկություններ, որ դեպքը պայմանավորված է Այվազյանի հասարակական-քաղաքական գործունեությամբ։
ՀՀ Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հաստատեցին Երևանում կատարված միջադեպի վերաբերյալ լուրը։ Կառույցի լրատվականի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ տվյալ քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, ապա՝ «Իզմիրլյան» հիվանդանոց։ Երկու հիվանդանոցներից էլ ոստիկանությունը հաղորդում ստացել է, և ըստ Գաբրիելյանի դրանք ստուգվում են։