Ալեն Սիմոնյանը եղբոր ազատ արձակված կնոջ հետ լուսանկար է հրապարակել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եղբոր ազատ արձակված կնոջ՝ Անի Գևորգյանի հետ լուսանկար է հրապարակել տելեգրամյան իր ալիքում։ Լուսանկարում են նաև Գևորգյանի անչափահաս երեխաները։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ՝ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի հարսի խափանման միջոցը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվել էր՝ կապված «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ:
Հունվարի 31-ին, հայտնի դարձավ, որ ուժային կառույցները՝ Հայաստանի քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը, համատեղ խուզարկություններ էին կատարել Էկոնոմիկայի նախարարությունում և բազմաթիվ անձանց հասցեներում, ձերբակալվել էր էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանը, որի նկատմամբ ավելի ուշ տնային կալանք են կիրառել։ Կան նաև այլ ձերբակալվածներ:
Հակակոռուպցիոն դատարանը 2 ամիս ժամկետով նաև կալանավորել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին: