Հաշվիչների ժամերի շեղման արդյունքում ոչ թե ՀԷՑ-ը, այլ քաղաքացին է վնաս կրում. (տեսանյութ)
Քաղաքացի Արմեն Եփրեմյանն Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, պատահականության սկզբունքով շարունակում է իրականացնել էլեկտրաէներգիայի գիշերային հաշվիչների ժամերի կարգավորումների ստուգման մոնիթորինգ:
Newspress.am-ը մասնակցեց կենտրոնի շենքերից մեկում իրականացվող մոնիթորինգին: Գրեթե յուրաքանչյուր հաշվիչի ժամը չէր համապատասխանում իրական ժամին. մեկից երկու ժամվա տարբերություն կար:
«Բոլորն աշխատում են ի վնաս բնակչի` հօգուտ ՀԷՑ-ի, դա նշանակում է, եթե մարդը աշխատանքից տուն է գալիս, նախատեսում է արդուկ, լվացք անել ուշ ժամի՝ մտածելով, որ գիշերային ժամին հոսանքն ավելի էժան է լինելու: Բայց փաստացի թանկ գնով է վճարելու, այսինքն գիշերային էժան սակագնին անցնելու է ոչ թե տասնմեկին, այլև տասներկուսից, երբեմն մեկից հետո»,-մանրամասնեց նա:
Արմեն Եփրեմյանը հիշեցրեց, որ իր մոտ կասկածներն առաջացել են այն բանից հետո, երբ էլեկտրաէնեգիայի համար սկսել է ավելի շատ վճարել: Քաղաքացին դիմում է ներկայացրել ՀԷՑ-ին, ասել են, որ պատճառը այն է, որ հաշվիչները մաշվում են, հոսանքի տատանումից ժամերը խառնվում են:
Նա կոչ արեց բոլոր քաղաքացիներին հետևել իր օրինակին:
«Ուշադիր պետք է նայել հաշվիչին, ժամը ցույց է տալիս ամսաթվից անմիջապես հետո: Եթե չի համապատասխանում, ապա պահանջում եք ՀԷՑ-ից վերականգնել ճիշտ ժամը, իրականացնել հետհաշվարկ հաշվիչի տեղակայման օրից մինչ այսօր, գնահատել վնասի չափը և փոխհատուցել»,-նշեց նա:
Նշենք նաև, որ շենքի բնակիչներից մեկը խնդրեց, որպեսզի իր բնակարանի հաշվիչի ժամային կարգավորումը ևս Եփրեմյանն օգնի ստուգել: Պարզվեց, որ երկու ժամվա տարբերություն կա` քաղաքացին անակնկալի եկավ և ասաց, որ ինքը ևս կդիմի ՀԷՑ-ին:
Հիշեցնենք, որ ՀԵՑ-ը պարզաբանել էր, որ ժամային կարգավորումների շեղման արդյունքում մեծամասամբ ոչ թե բաժանորդը, այլ ՀԷՑ-ն է վնաս կրում:
Մանրամասները՝ տեսանյութում