Քաղաքային տրանսպորտը սոցիալական ծրագիր է և չպետք է դիտարկվի որպես քաղաքացիներից փող կլպելու ոլորտ. Անդրանիկ Թևանյան
Ինչպես հայտնի է, Երևանի ոչ լեգիտիմ իշխանությունը գիշատչական ու հակաժողովրդական նախագիծ էր ներկայացրել՝ քաղաքային տրանսպորտի թանկացման նպատակով: Այսօր պարզվեց, որ «դուխով» իշխանությունը, վախենալով ժողովրդական ցասումից, հետ է քաշել իր որոշումը՝ իբր լրամշակելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Նա նաև նշել է. «Նրանք այդ քայլով խոստովանել են, որ «օդից վերցրած» որոշումներ են կայացնում, միայն թանկացումներ են բերում ու անգրագետ են կառավարում: «Մայր Հայաստանը» հետևողական է լինելու այս հարցում, մենք մեր առաջարկներն ու մոդելն ունենք քաղաքային տրանսպորտի վերաբերյալ:
Այդ մոդելը մենք կներկայացնենք հանրության դատին և կապացուցենք, որ հնարավոր է ունենալ արժանապատիվ ուղևորափոխադրում, բարեփոխված տրանսպորտային համակարգ և էժան գներ: Քաղաքային տրանսպորտը սոցիալական ծրագիր է և չպետք է դիտարկվի որպես քաղաքացիներից փող կլպելու ոլորտ:
Ժողովուրդ ջան, միասնական ջանքերով մենք կարող ենք ամեն ինչի հասնել, այդ թվում՝ ամբողջական իշխանափոխության, ինչը անվտանգության, խաղաղության և բարեկեցիկ կյանքի ապահովման գլխավոր նախապայմանն է: