Իրանն ու Վրաստանը չարդարացրին Ադրբեջանի սպասելիքները
Իրանն ու Վրաստանը տարեկան 200 մլն խմ գազի պայմանավորվածություն են ձեռք բերել, ինչի մասին հղորդում է TASS գործակալությանը:
Երեկ այս մասին տեղեկացրել է Իրանի Ազգային Գազի արտահանման կազմակերպության տնօրեն Ալիռեզա Քամելին: Իրանում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել տարեկան 200 մլն խմ գազի գնման վերաբերյալ: Գազի մատակարարումը Վրաստան կսկսվի իրանական նոր տարուց` մարտի 21-ից, 7 տարի ժամկետով:
Հակառակ Ադրբեջանի սպասելիքներին, իրանական գազը Վրաստան է մատակարարվելու Հայաստանի տարածքով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը տարբեր միջոցներով փորձում էր Վրաստանին համոզել հրաժարվել ռուսական կամ իրանական գազի գնումից: Սակայն մի քանի անգամ Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ եթե Իրանը գազի այնպիսի գին առաջարկի, որը կլինի ավելի ցածր քան ադրբեջանականը, Վրաստանը պատրաստ է գազ գնել Իրանից: