«Անթույլատրելի է 10 տարեկանին բացատրել պահպանակի մասին. Ժաննան հրաժեշտ է տալու, թե ինչպես ենք անելու՝ կտեսնեք». Վահագն Չախալյան
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը հիշեցնում է, որ ի սկզբանե ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջ չի եղել․ եղել է «Հայոց Պատոմության» 7-րդ դասարանի դասագիրքը վերանայելու պահանջ։ Նա նկատում է, որ պահանջը հասունացել ու դարձել է հրաժարական, քանի որ իրենց առաջարկն արհամարհվեց նախարարության կողմից։
«Նախարարի փոփոխման պահանջն անձով պայմանավորված չէ, պայմանավորված է նրանով, որ կրթությունը քարուքանդ են արել։ Եթե բերեն մի ուրիշին ու նա էլ նույնը անի՝ նրան հրաժարականն էլ կպահանջենք»,- ասաց Վահագն Չախալյանը՝ հավելելով, որ հասկանում են, որ խնդիրը համակարգային է, բայց 10-20 հոգով հիմա միայն սա կարող են անել։
Նա նշեց, որ չեն կարող կուլ տալ, թե ինչպես է իշխանությունը պղծում «Հայոց պատմության» դասագիրքը, ինչպես են այլասերվածությունը փորձում դպրոցներ ներմուծել, ինչպես են Լանզարոտեի կոնվենցիան կյանքի կոչում։
«Չենք կարող թույլ տալ, որ դպրոցներում 10 տարեկանին բացատրեն պահպանակի մասին։ Սա հոգեբանորեն էլ է անթույլատրելի»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե նման պայքարները, սովորաբար, շոշափելի արդյունք չեն տալիս ու, փաստորեն, երեխաները շարունակում են սովորել այդ անթույլատրելի առարկաները, Վահագն Չախալյանը վստահություն հայտնեց, որ միանալու են պայքարին ու պայքարը ուժեղանալու է։
«Այսպես ասեմ՝ Ժաննան հրաժեշտ է տալու, թե ինչպես ենք անելու՝ կտեսնեք»,- ասաց նա։