Այժմ Դուք շատ մեծ ղեկավար եք. Դմիտրի Մեդվեդևը` Տիգրան Սարգսյանին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նորանշանակ նախագահ Տիգրան Սարգսյանին կոչ է արել Ուկրաինայի տարածքով ռուսաստանյան բեռների տարանցման խնդիրը լուծել համատեղ ուժերով: Այս մասին հաղորդում է tass.ru-ն:
«Ներկայումս խորհրդակցություններ էի անցկացնում Եվրասիական միության գործընկերների հետ, Ուկրաինայի տարածքով մեր բեռների տարանցման հետ կապված խնդիր է առաջացել: Մենք ստիպված պատասխան քայլեր ենք ձեռնարկել»,- ասել է նա Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:
«Այդ ամենը համընկնում է այն հարցերի շրջանակի հետ, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել նաև Եվրասիական տնտեսական միության ձևաչափում»,- ավելացրել է Ռուսաստանի վարչապետը:
Դ. Մեդվեդևը հիշեցրել է, որ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել էր, երբ նա գլխավորում էր Հայաստանի կառավարությունը:
«Այժմ Դուք շատ մեծ ղեկավար եք, որը ղեկավարում է այլ կառավարությունների գործունեությունը»,- շարունակել է ՌԴ վարչապետը: Նա հաջողություններ է մաղթել Տիգրան Սարգսյանին: