Երևանում թալանել են հիվանդին օգնության մեկնող բժշկին (լուսանկարներ)
Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը ժամը 12:00-ից 12:20-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հ. Ներսիսյան 7 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնի բակում կայանված շտապօգնության ավտոմեքենայի միջից գողություն է կատարել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձը գողացել է Երևանի բնակիչ, շտապօգնության 1-ին ենթակայանում որպես բժիշկ աշխատող 35-ամյա Գևորգ Թադևոսյանին պատկանող բջջային հեռախոսը:
Կայքի տեղեկություններով՝ մինչ գողությունը բժիշկն իր գործընկերների հետ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդի են բերել հիվանդանոց, ու քանի որ բժիշկները, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, թիվ 1 խնդիրը եղել է հիվանդին շտապ հասցնել հիվանդանոցի համապատասխան սենյակ, շտապօգնության ավտոմեքենայի դուռը բաց են թողել ու օգտվելով առիթից, տղամարդը գողացել է հեռախոսը: Այդ ամենը ֆիքսել է տեսախցիկը:
«Անձնական ունեցվածքի գողության» հատկանիշներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները` սկզբնաղբյուրում