Ժիրինովսկին կոչ է արել Թուրքիային թողնել առանց հողերի
Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կոշտ ձևով պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հակառուսական հայտարարությանը: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Երեկ Կիևում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հակառուսական հայտարարություններ է արել: Նա Ռուսաստանին մեղադրել է Ղրիմն ուժով Ուկրաինայից գրավելու, Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ջարդեր անելու և Թուրքիայի դեմ հակաօրինական գործողություններ անելու մեջ:
Այսօր Վլադիմիր Ժիրինովսկին կոշտ ելույթով վիրավորական խոսքեր է ասել Թուրքիայի և վարչապետ Դավութօղլուի հասցեին:
«Որպես պատասխան մենք Քուրդիստանը պետք է անկախ ճանաչենք, Արևմտյան Հայաստանի հողերը պետք է պահանջենք: Բացի այդ, Հունաստանն ու Բուլղարիան պետք է իրենց հողային պահանջները ներկայացնեն: Այսպիսով, Թուրքիան կմնա առանց հողերի:
Թուրքիայի վարչապետն Ուկրաինայում հայտարարեց, որ չի ճանաչում Ղրիմը: Այդ մարդն անգրագետ է: Մենք Ղրիմը Թուրքիայի մասնատման ժամանակ Քուչուկ Քայնարջայի պայմանագրով ենք վերցրել: Ուկրաինան սրա հետ ոչ մի կապ չունի: Թուրքիայի անգրագիտությունը նրանց միշտ կես ճանապարհին է թողնում»,- հայտարարել է Ժիրինովսկին: