Մարդկանց պետք չէ աղը տեսնել՝ խնդիրը աղի մեջ չէ, այլ սառած ճանապարհի․ Փաշինյանին չհամոզեց Սանոսյանի պարզաբանումը՝ «աղ ցանելու արվեստի» մասին
Այն, որ սառցապատ ճանապարհներին աղ չենք տեսնում՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանեց այն բանով, որ առաջ «լապատկայով» էին ցանում, և աղը տեսանելի էր, իսկ հիմա՝ տեխնիկայով են ցանում, ու մարդիկ չեն տեսնում։
«Բայց մեքենաների վրա կան GPS սարքավորումներ և մենք տեսնում ենք, թե որ օրը որ ժամին է անցել մեքենան ու աղ ցանել»,- կառավարության նիստում ասաց նա՝ արդարացնելով ճանապարհների անմխիթար վիճակը։
Նախարարի այս պարզաբանումը ծիծաղեցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Կներեք, պարոն Սանոսյան, բայց մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, մարդիկ պետք է տեսնեն՝ ասֆալտը երևո՞ւմ է, թե՞ սառույց է, այստեղ աղն էական չէ։ Եթե ճանապարհը մերկասառույց է՝ խնդիրն աղի մեջ չէ, այլ ճանապարհի վիճակի մեջ»,- ասաց նա։
Սանոսյանը զեկուցեց, որ այսօրվա միակ ճանապարհը, որ փակ է բոլոր տեսակի մեքենաների համար՝ Վարդենյաց լեռնանցքն է, բայց օրվա մեջ կբացվի, քանի որ ակտիվ աշխատանքներ են տարվում։