Ընկեր Բաղդասարյանն անգամ ասաց՝ հագուստս հանեմ, մարմինս ստուգեք․ թիվ 48 դպրոցի տնօրենը հերքում է աշակերտների կողմից ուսուցչին ծեծելու մասին լուրը
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Երևանի թիվ 48 դպրոցում 2 աշակերտ ծեծի է ենթարկել նույն դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ 70-ամյա Արամ Բաղդասարյանին։
Ըստ տեղեկությունների՝ ուսուցիչը աշակերտներին տեսել է ծխախոտ օգտագործելիս, բարկացել է նրանց վրա, ապա ասել, որ ծնողներին տեղյակ է պահելու ծխելու մասին։ Ի պատասխան ուսուցչի խոսքերի՝ աշակերտները նրան ծեծի են ենթարկել, նա ստացել է մարմնական վնասվածքներ։
Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նման դեպք դպրոցում տեղի չի ունեցել, ապա նշեց, որ առավոտից կոլեկտիվը իր տեղը չի գտում՝ տարածված ապատեղեկատվության վերաբերյալ։
Դպրոցի տնօրենը նաեւ ասաց, որ ինքը եւ Արամ Բաղդասարյանը (67-ամյա) հրավիրվել են ոստիկանություն․ «Մենք գնացել ենք ոստիկանություն։ Այդ նյութը, որ հրապարակվել է, առավոտյան ոստիկանությունը եկել, մեզ հրավիրել է բաժին, ընկեր Բաղդասարյանն անգամ ասաց՝ հագուստս հանեմ, մարմինս ստուգեք, տեսեք, որ չի եղել նման բան։ Մեր դպրոցում շատ նորմալ, բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում»։
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։