«Մի քիչ, որ կողքի հայացքով ես նայում՝ փինաչու գործ է արված․ տգեղ է»․ Ավինյան (տեսանյութ)
Մաշտոցի վրա գտնվող այն բնաբաժակները, որոնք մոտ են ծառերին և նպատակահարմար չէ այնտեղ ծառ տնկել՝ պետք է փակվեն։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա հիշեցրեց, որ այս աշխատանքն արդեն հանձնարարված էր և պետք է արդեն կատարված լիներ։
«Հիմա, ինչո՞ւ ունենք բնաբաժակներ, որոնց մեջ տոմետ է խփած»,- հարցրեց Ավինյանը։
Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյան պատասխանեց, թե՝ խոսել են Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ և քանի որ այդ բնաբաժակները հետագայում կարող են նորից բացվել և ծառեր տնկվել, այդ պատճառով նախընտրել են այդ տեսքով թողնել։
Ավինյանն Արմեն Բեգոյանին հարցրեց, թե արդյոք նպատակահարմա՞ր է մեծ ծառերից 2-3 մետր հեռավորության վրա պահպանել բնաբաժակները, հետագայում՝ գալիք 10 տարվա համար ծառ տնկելու համար։
Բեգոյանն էլ հակադարձեց Տիգրան Գեղամյանին՝ ասելով, թե՝ բնաբաժակներում հնարավոր չէ ծառ տնկել, և այդ բնաբաժակները պետք է փակվեն։
Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ պետք է հստակ ֆիքսել՝ բնաբաժակ, որպես այդպիսին, չպետք է ունենանք, և մայթը պետք է նորմալ վերականգնել։
«Մի քիչ, որ կողքի հայացքով ես նայում՝ փինաչու գործ է արված, եզրաքարերով բնաբաժակն է, մեջը տոմետ է խփած, տգեղ է ուղղակի, էն էլ Մաշտոցի պողոտայի վրա»,- ասաց Տիգրան Ավինյանը։