Ադրբեջանցիները եկել-մտել են գյուղ ու տարել ոչխարները․ Տեղ համայնքի ղեկավար
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Գրիգորյանն իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ գտնվող Արավուս բնակավայրի ոչխարները։
«Մոտ կես ժամ առաջ Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ազերի բաշիբոզուկները գողացել են Արավուս գյուղին պատկանող մոտ 200 ոչխար: Հրաման է եղել չկրակել բաշիբոզուկների ուղղությամբ»,-գրել է նա։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հաստատեց լուրը, սակայն հստակ տեղեկություն չկարողացավ ասել։
Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
-Տեղեկություններ կան, որ Ձեր գյուղից ոչխարներ են տարել ադրբեջանցիները․ ե՞րբ է տեղի ունեցել դեպքը, քանի՞ ոչխար են տարել ու ինչպե՞ս։
-Երեկոյան հստակ կասեմ` ինչքան ոչխար են տարել։
-Կներեք, Դուք ընդհանրապես տեղյա՞կ չեք խնդրին։
-Չէ, տեղյակ եմ, ո՞նց չեմ տեղյակ․ գիտեմ, որ տարել են, բայց թե ինչքան ու ոնց՝ երեկոյան կասեմ։
-Մեկ ճշտող հարց էլ՝ ադրբեջանցինե՞րն են եկել, մտել, տարե՞լ, թե՞ ոչխարների հոտն է դեպի սահմանի կողմ գնացել։
-Չէ՛, իրենք են եկել-մտել, տարել։
-Բա ինչպե՞ս է եղել, որ տեսնող չի եղել, սահմանապահ չի՞ եղել, ոչ ոք չի՞ կանխել։
-Ես երեկոյան ամեն ինչ կասեմ, էլի։
-Իսկ այլ վնաս տվե՞լ են։
-Չէ՛, չէ՛, մենակ ոչխարներ են տարել, երեկոյան կասեմ մնացածի մասին։
-Իսկ ի՞նչ կասեք, այն տեղեկության մասին, ըստ որի հրաման է եղել չկրակել։
-Ոչ մի բան չեմ կարող ասել, ժամանակ չունեմ։
Արմինե Մկրտումյան