Արևմուտքը խոչընդոտում է Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին. Լավրով
Արևմտյան երկրները չեն ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման համաձայնագրերի իրականացումը, որոնք կնքվել են Ռուսաստանի միջնորդությամբ, Արևմուտքը միջամտում է հակամարտության կարգավորման գործընթացին: Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, հենց որ հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս երթուղիների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման և «խաղաղության պայմանագրի» (չակերտները՝ NEWSPRESS.am-ի) պատրաստման հարցում, անմիջապես սկսեցին ներթափանցել գործընթացի մեջ առանց հրավերի և փչացրեցին գործընթացը»,-նշել է Լավրովը:
Լավրովը հավելել է, որ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ, որ Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրերը կայանան:
«Ցավալի է, որ արևմտյան եսասիրական նկրտումների շահերը խանգարում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հիմնարար շահերի իրականացմանը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։