Ուկրաինային օգնելուց հրաժարվելը սպառնում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անվտանգությանը․ Բայդեն
ԱՄՆ Կոնգրեսում համաձայնության բացակայությունը Ուկրաինային օգնության հաջորդ փաթեթը հատկացնելու հարցում սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը և կարող է վնասել ՆԱՏՕ-ին և ողջ աշխարհին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, որն արվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Կոնգրեսի անդամների հանդիպումից հետո։ Այս մասին փոխանցում է TACC-ը։
Նշվում է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը օրենսդիրների հետ քննարկել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի համար նրանց անգործության հավանական հետևանքները։
«Նա [Բայդենը] հասկացրել է, որ Կոնգրեսի շարունակական անգործությունը վտանգում է Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և մնացած ազատ աշխարհի ազգային անվտանգությունը», - ասվում է փաստաթղթում:
Դրանում նշվում է, որ Բայդենը կոչ է արել հնարավորինս արագ միջոցներ հատկացնել Կիևին աջակցելու համար՝ այդպիսով ազդանշան ուղարկելով դաշնակիցներին։