Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում ընդգծել են երկու երկրների միջև համապարփակ և ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի լրամշակման անհրաժեշտությունը:
Այսօր՝ հունվարի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիյանը և Լավրովը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ Կարմիր ծովում ստեղծված վերջին իրավիճակի շուրջ:
Ընդգծելով երկու երկրների վճռականությունը՝ զարգացնելու և ամրապնդելու Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցությունը՝ Ամիր Աբդոլլահիյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև մյուս համաձայնագրերը նույնպես կիրականացվեն:
Անդրադառնալով տարածաշրջանում, հատկապես Գազայում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին, իրանցի բարձրաստիճան դիվանագետը կրկնել է, որ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները և Կարմիր ծովում ԱՄՆ-ի դերը տարածաշրջանում ավելի մեծ անկայունություն կստեղծեն:
Եմենի վրա հարձակումները բնութագրելով որպես ԱՄՆ-ի ռազմավարական սխալ՝ Ամիր Աբդոլլահիյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ձգտում է ռազմականացնել Կարմիր ծովը, սակայն, անկասկած, նման գործողությունները կուժեղացնեն տարածաշրջանի անկայունությունը։