Ուորլիքը կողմ է Ադրբեջանին հանձնել «գրավյալ» տարածքները
Մենք դեմ չենք միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում ղարաբաղյան հակամարտությունը քննարկելուն։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ներկայացված 2 բանաձեւերին։ Տեղեկացնում է azadliq.az կայքը:
«Մենք պաշտպանում ենք այդ հարցը ցանկացած կերպ բարձրացնելու Ադրբեջանի եւ Հայաստանի իրավունքը։ Համանախագահները շեշտում են, որ Մինսկի Խմբի բանակցային ձեւաչափն ուժի մեջ է մնում։ Մենք հույս ունենք, որ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին եւ կշարունակեն ՄԽ-ի հետ սերտ համագործակցությունը»,- ասել է միջնորդը։
Ըստ նրա՝ միջնորդները խաղաղության տանող միակ ուղին բանակցություններն են համարում։
«Երկարաժամկետ կարգավորման հասնելու համար մեր բանակցությունները հիմնվում են միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնակարգի, Հելսինկիի եզրափակիչ ակտի, տարածքային ամբողջականության սկզբունքների, ինքնորոշման եւ ուժ չկիրառելու որոշումների վրա»,-հայտարարել է Ուորլիքը։
Ըստ ադրբեջանական թերթի`Ուորլիքը հայտարարել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման մաս է հանդիսանում օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը:
Նա նշել է նաեւ, որ կողմերը եւ համանախագահները համակարծիք են, որ կարգավորման հիմնական նորմերը հիմնվում են Մադրիդյան սկզբունքների վրա։ Նշված սկզբունքների վրա հիմնված առաջարկները ներկայումս քննարկում են կողմերն ու համանախագահները։